Նորություններ
Կայացել է 2020 թվականի մարզխորհրդի առաջին նիստը
14.02.2020
Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է մարզխորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավարներ, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզի ՋՕԸ-ի ղեկավարներ և այլք:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նկատել է, որ 2019 թվականը լի էր բնակչության կյանքը բարելավող մի շարք ծրագրերով, որոնք առավել մեծ ծավալներով շարունակվելու են նաև այս տարի:
Այնուհետև Գարիկ Սարգսյանը ներկայացրել է մարզպետարանի կողմից 2019 թվականին կատարված աշխատանքներն ու նշել 2020 թվականին իրականացվելիք ծրագրերը: Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Հարակից զեկույցներով հանդես են եկել Քաղաքաշինության վարչությունում խորհրդական Լևոն Գրիգորյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Լեռնիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ու ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Դանիելյանը:
Քաղաքաշինության վարչությունում խորհրդական Լևոն Գրիգորյանը ներկայացրել է, որ այս՝ 2020 թվականին, մարզի 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն ծրագրերի հայտ: Անցած տարի մարզում իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր:
Վերջինս համայնքապետերին հորդորել է ծրագրերի հայտերի ընդունումից հետո պատշաճ կերպով կազմակերպել ծրագրերի շինարարությունների մրցույթները:
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը, վարձավճարների գանձմանն ու բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:
Նիստի վերջում մարզպետը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքն այս տարի առավել արդյունավետ կլինի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի մեծ ծավալներով աշխատանք կատարել: